11.03.2013|
11:22
Ներեցեք, Վարպետ, ուշացա: Ախր պայմանավորվել էինք՝ մի անգամ էլ որ գամ, կավարտենք զրույցը, և հաղորդումն արդեն պատրաստ է: Կարինե Հակոբյանին էի խնդրել, որ ուղեկցի Ձեր արվեստանոց, Սամվել Սևադան էլ միացավ: Զրուցեցինք երկար. ես նկարահանում էի, Սամվելը՝ լուսանկարում, Կարինեն այդ պահին մի տեսակ հեռուստահաղորդավարի դերում էր: Տանտիրուհին սուրճը, օշարակն ու թխվածքը բերեց ու զգուշացրեց. «Ամեն 20 րոպեն մեկ ընդհատելու եմ. աչքին դեղ պիտի կաթացնեմ»: Ինչ մտերիմ, ազատ ու անմիջական էր միջավայրը՝ արվեստանոցը ձեղնահարկում՝ լուսավոր, գունաշխարհի մի գողտրիկ անկյուն, Ձեր պահվածքը հյուրապաշտ, մեր մի քիչ քաշվելուն՝ Ձեր մտերիմ հանդիմանանքը, թե՝ ազատ զգացեք, դուք այստեղ ցանկալի մարդիկ եք: